ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Որտեղո՞վ է հիմա անցնում Ադրբեջանի գլխավոր ճակատը

Որտեղո՞վ է հիմա անցնում Ադրբեջանի գլխավոր ճակատը
06.07.2018 | 11:31

Ադրբեջանում տեղի են ունենում անսովոր իրադարձություններ, որ ժամանակագրորեն տեղեկատվական նույն շարքում են: Հուլիսի 2-ին Բաքուն սկսեց լայնամասշտաբ զորավարժություններ տարբեր զորախմբերի ներառումով (այդ թվում` հատուկ), որին մասնակցում են 20000 զինծառայողներ, 120 տանկ ու այլ զինտեխնիկա, 200 զենիթահրթիռային համակարգեր, հրանոթներ ու ականանետներ, 30 միավոր ավիացիոն տեխնիկա: Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարեց, որ զորավարժությունների գլխավոր նպատակը «հայկական կողմին ադրբեջանական բանակի հզորության ցուցադրումն է»: Զորավարժությունների ծրագրով` ադրբեջանական զորքերը, հրամանատարական կետերը, մարտական ու պահուստային զորքերը ուղղվում են, պետք է կարծել, Գյանջայի զորանոց: Պարզ է, որ հայկական կողմը այդ գործողությունները որակում է իբրև մարտական գործողությունների սկիզբ ղարաբաղյան ուղղությամբ: Իսկ հուլիսի 3-ին, ժամը 19-ին Մինգեչաուրի ՋԷԿ-ում վթար եղավ: 39 քաղաքներում ու շրջաններում, ներառյալ Բաքուն ու Գյանջան, լույսը անջատվեց: Ադրբեջանն ընկղմվեց խավարի մեջ, մարդիկ մնացին վերելակներում, անջատվեց բնակչության ջրամատակարարումը, դադարեցվեց աշխատանքը Բաքվի նավթավերամշակման գործարանի բոլոր սարքերում:
Էլէներգիայի մատակարարման դադարեցումը հանգեցրեց նրան, որ SOCAR-ի նավթագազահանույթի օրական ծավալը կրճատվեց` 4,2 հազար տոննայով նավթի, 1,035 միլիոն խորանարդ մետր գազի: Լույսը մարեց գնացքներում, կայարաններում, թունելներում, կանգ առան շարժասանդուղքները, հանքերի օդամղիչները, ջրամղիչ պոմպերը: Ժամուկեսից ջրի մակարդակը սկսեց բարձրանալ: Մետրոյի «Սախիլ», «Նիզամի» ու «Նասիմի» կանգառներում ջուրը հասավ կրիտիկական նիշի: Այս կոլապսն առաջին անգամ էր: Եվ հենց այդ օրերին` հուլիսի 3-ին, Գյանջայում մահափորձ եղավ քաղաքապետ Էլմար Վելիևի ու նրա թիկնապահի դեմ: Ըստ ադրբեջանական պաշտոնական տեղեկությունների` նախագահ Իլհամ Ալիևը էներգետիկ համակարգի խորհրդակցություն հրավիրեց ու «Ազերէներժիի» տնօրեն Էթիբար Փիրվերդիևից պահանջեց բացատրել կատարվածի պատճառները: Նա ամեն ինչ կապեց «շոգ եղանակի» հետ ու անկանխատեսելիորեն «մեծացած էլէներգիայի պահանջարկի»: Ալիևը պատասխանեց, որ «կան երկրներ շատ ավելի շոգ կլիմայով, բայց այնտեղ նման պատահարներ չեն լինում, իսկ երբ լինում են, երկրի ամբողջ էներգահամակարգը չի փլուզվում»: Եվ հետո` «Ես կրկնում եմ` վթարներ լինում են, դա բացառված չէ, բայց մեծ երկրի ամբողջ էներգահամակարգի փլուզումը մեկ վթարի պատճառով շատ լուրջ պատահար է: Ինչու՞ երկիրը մթի մեջ սուզվեց: Ինչու՞ Բաքվի, Սումգայիթի ու մյուս քաղաքների էլեկտրակայանները դադարեցին աշխատել Մինգեչաուրի վթարից հետո: Դուք դա պիտի բացատրեք: Իսկ դուք խոսում եք շոգ եղանակից ու սպառման աճից»: Հանրապետության նախագահի որոշումով ստեղծվել է պետական հանձնաժողով փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի գլխավորությամբ, կազմում են ՆԳՆ-ի, ԱԻՆ-ի ղեկավարները, գլխավոր դատախազը, պետանվտանգության ծառայության պետը, էներգամատակարարման ձեռնարկությունների ներկայացուցիչները: Դատախազությանը հանձնարարվել է հետաքննություն սկսել ու մեղավորներին գտնել: Գյանջայի քաղաքապետի մահափորձի մասին նախագահի օգնական Ալի Հասանովն ասաց, որ «լրացուցիչ լարում կարող է հարուցել փաստը, որ վերջին վթարն ու հայտնի քրեական պատահարը Ադրբեջանում միևնույն ժամանակ եղան»: Հասանովը չի քաղաքականացնում ահաբեկչությունը` վստահեցնելով, որ կատարվել է «անձնական նպատակներով» ու խոսքը «սովորական քրեական հանցագործության» մասին է: Այդ դեպքում` ինչու՞ նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ արձանագրվում էր փաստը, որ «իրավիճակից փորձեցին օգտվել ընդդիմադիր շրջանակները նորությունների սայթերի ու սոցիալական ցանցերի միջոցով»: Ինչու՞ ահաբեկչության կասկածանքով ձերբակալված ոմն Յունիս Սաֆարովի Բաքվի մամուլը արագ որակեց «արմատական իսլամիզմին հակված մարդ», հետո սկսեց ներկայացնել սովորական քրեական տարր: Ինչու՞ Գյանջայի քաղաքապետի ծանր վիրավորված թիկնապահին ուղղաթիռով հասցրին Բաքու ու նեյրովիրաբուժության բաժանմունքում խիստ հսկում են` քննիչներից բացի ոչ մեկին ներս չթողնելով: Ինչու՞, եթե խոսքը սովորական վթարի մասին էր Մինգեչաուրի ՋԷԿ-ում, իսկ նախագահ Ալիևը որոշում է խիստ վերահսկողության տակ վերցնել անվտանգության ապահովման, էներգետիկայի, տրանսպորտի ու հաղորդակցության, ռազմական ձեռնարկություններն ու բնակչության սպասարկման ռազմավարական կարևորության օբյեկտները:


Գլխավոր եզրակացությունների մասին: Իհարկե, եզրակացությունները պետք է անի Ադրբեջանի պետական հանձնաժողովը: Բաքուն ցույց տվեց, որ կարողանում է որոշումներ ընդունել բնակչության անվտանգության ու նորմալ կենսապահովման ամենաբարդ իրավիճակում: Այնուհանդերձ, օբյեկտիվորեն հարված է հասցվել բնակչության հոգեբանական վիճակին: Ի հայտ եկավ, որ հանրապետությունում ամենաթույլ օղակը ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացած էներգահամակարգն է, որի մոդեռնացման համար վիթխարի միջոցներ ու ոչ քիչ ժամանակ է պետք: Ադրբեջանական թերթերը հաղորդում են, որ վերջին տարիներին էներգահամակարգի կատարելագործմանը հատկացվել է 4 միլիարդ դոլար: Ինչի՞ վրա է այդ գումարը ծախսվել: Հենց սովետական ժառանգությունն օգնեց Ադրբեջանին, երբ Վրաստանն ու Ռուսաստանը հանրապետության համար բարդագույն իրավիճակում սկսեցին էլէներգիա մատակարարել: Եթե իրավիճակը գնահատենք ադրբեջանահայկական դիմակայության ձևաչափում, ամբողջ պետության մասշտաբով տեխնոլոգիական աղետը ցույց տվեց, թե ինչ կարող է կատարվել լայնամասշտաբ մարտական գործողությունների ծավալման դեպքում: Մինգեչաուրը իր էլեկտրակայաններով Թալիշից ընդամենը 50-60 կիլոմետր է հեռու: Բաքուն ու Երևանը պարզապես պարտավոր են խուսափել ռազմական սցենարից ու պայմանավորվել: Այլընտրանք ուղղակի չկա:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Դա, թերևս, ամենավերջին եզրակացությունն է, որ Բաքվում կանեն: Տեխնոլոգիական աղետների մեջ մարդկային գործոնի դերը նույնքան անկանխատեսելի է, որքան` աղետները: Բայց կազուս է, որ երեկ նույնպես Մինգեչաուրում հրդեհ է բռնկվել ու Ադրբեջանը մասնակի հոսանքազրկվել է: Իլհամ Ալիևը հիմա էլ պիտի իր որոշումով ստեղծված պետական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Յաղուբ Էյուբովին հարցնի` ի՞նչ է կատարվում Մինգեչաուրում: Բայց հազիվ թե նրա պատասխանը տարբերվի «Ազերէներժիի» տնօրեն Էթիբար Փիրվերդիևի պատասխանից: Իսկապես` ի՞նչ է կատարվում Ադրբեջանում: Եվ ինչու՞ է Իլհամ Ալիևը վախենում կորցնել իշխանությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ